211652_close_icon

Կարեն Կարապետյանը առաջին անգամ հստակ հայտարարեց 2018-ից հետո վարչապետ լինելու հավակնության մասին. «Ժամանակ»

views-count18356 դիտում article-date 10:53 22-02-2017
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռևս չի գործում, և Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաև վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն, և վարչապետի համար այլևս պետք է պարտադիր լինի վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության պահանջը: Այդ պահանջը չի ենթադրում անդադար բնակություն, այլ որոշակի օրերի քանակ, որոնց չափով Հայաստանում գտնվելը կհամարվի չորս տարի մշտական բնակություն: Այստեղ արդեն ակնհայտ է, որ առաջանում է հաշվարկային կամ թվաբանական ճկունության մեծ դաշտ, սակայն տվյալ պարագայում դա չէ խնդիրը, այլ այն, որ Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր