211652_close_icon
views-count2220 դիտում article-date 13:03 21-02-2017

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Դարերի ու փորձությունների միջով միմյանց ենք փոխանցել մայրենի լեզվի լույսը, լույս, որը չկարողացան հանգցնել ոչ միայն պատերազմները, այլեւ առայսօր էլ սեփական լեզուն ու գիրը չունեցող եւ փոխարենն ուրիշից գողացածն օգտագործող ոմանց բռնությունները: Այն նպատակաուղղված ոտնձգությունները, որոնք կատարվել են մեր լեզվի հանդեպ, ցանկացած այլ լեզվի պարագայում ճակատագրական ու կորստաբեր կլինեին, բայց մեր լեզուն քայլեց առաջ, որպես առաջնորդ ու ուղեցույց, վահան ու հովանի՝ իր զորությամբ մեր օրեր հասցնելով մի ամբողջ ազգի: Մեր լեզվի մեջ բաց տեքստով գաղտնագրված են մեր նախնիների իմաստությունը եւ ավանդն այն մասին, թե ինչպես վերաբերվել ապագային: Լեզուն անցողիկ հպարտություն չէ եւ այսօր էլ մեզ զարդարելով ու բարձրացնելով՝ պարտավորեցնում է ազգային ու պետական, քաղաքական ու քաղաքացիական մակարդակով նույնչափ հոգատար լինել իր հանդեպ, որովհետեւ դա նշանակում է հոգատար ու պատասխանատու վերաբերմունք մեր անցյալի ու ապագայի նկատմամբ: Այն ժողովուրդը, որը հարգում է սեփական լեզուն, ի զորու է հարգանքով վերաբերվել նաեւ այլոց լեզուներին: Հայաստանի Հանրապետությունում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների ազատ հաղորդակցումն իրենց մայրենի լեզվով դրա լավագույն վկայությունն է: Թող Մայրենի լեզվի օրը դառնա ոչ միայն մեր թանկարժեք հարստությունը գնահատելու եւ մեծարելու, ազգն ու պետականությունը սիրելու եւ հարգելու, այլեւ համերաշխության ու համաձայնության տոն: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր