2405 դիտում
21:19 16-02-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին
Այսօր՝ փետրվարի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:
Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:
Իր հերթին խոսք ասաց նաև նախարար Դ. Տոնոյանը: Նա Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
14:53 08-11-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Առողջապահության նախարարին
3293 դիտում
23:30 25-09-2017
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին
Այս բաժնից
1246 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1108 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն