Թալիշներին ստիպողաբար ուղարկում են առաջնագիծ՝ մսաղաց. Շահին Միրզոև
«Թալիշներն են ծառայում առաջնագծում։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար և ուղարկում են միանգամից առաջնագիծ, մսաղաց։ Սա է պատճառը, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդիները»,- այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչ Շահին Միրզոևը:
Ըստ նրա՝ բանակում միայն 20-30 տոկոսն են «իրենց թուրքեր անվանում»։ «Բայց նրանք առաջնագծում չեն՝ խոհարարներն են, պահեստներում են ծառայում և այլն»,- ասաց Շահին Միրզոևը։
«Ես հիմա Հայաստանում եմ, 92-ամյա հայրս այնտեղ է ու նրան ստիպել են, որ հրաժարվի ինձանից։ Միգուցե նա նույնիսկ չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ծեր է, բայց նրան ստիպել են հրաժարվել ինձանից»,- բացատրեց Շահին Միրզոևը։
Նա նշեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում։
«Ընտանիքս այստեղ շատ լավ է զգում։ Երեկոյան եկանք, միանգամից հաջորդ օրը կնոջս տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հիմա բժիշկների հսկողության տակ է»,- նշեց նա: