36132 դիտում
01:53 14-02-2017
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Մուշ» և «Խնձորանոց» ռեստորանների մոտ բախվել են Niva-ն, 09-ը և Toyota-ն. ճանապարհը սպասարկող չինովնիկները շարունակում են մնալ «մուշ-մուշ քնած». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Մուշ» և «Խնձորանոց» ռեստորանային համալիրների հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 57 FF 007 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարուժան Շաբոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 AC 394 համարանիշի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 24-ամյա Նորայր Սանթրոսյանի վարած Toyota մակնիշի 01 SA 010 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են տուժածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը: Ի դեպ մոտ մեկ շաբաթ առաջ, կրկին նույն վայրում ու կրկին մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր եղել, սակայն ճանապարհը սպասարկող Կոտայքի մարզպետարանի չինովնիկները շարունակում են մնալ «մուշ-մուշ քնած»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+