211652_close_icon
views-count2527 դիտում article-date 15:35 07-02-2017

ՀՀ Առողջապահության նախարարը վարչապետին է զեկուցել 2016թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Զեկուցելով 2016թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում կատարվել է մարզային բժշկական կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և վերազինում։ Շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ և նորակառույց 5 գյուղական առողջության կենտրոնները։ Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Արդիականացվել և վերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»: Լևոն Ալթունյանը ներկայացրել է նաև 2017թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում: Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով հաշվետվության արդյունքները, նշել է, որ 2017թ. առողջապահության նախարարության անձնակազմից ակնկալում է չափազանց արդյունավետ աշխատանք: «Ձեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում, որովհետև ոլորտին 85 մլրդ ՀՀ դրամ ենք հատկացնում, որը շատ չէ, բայց ավելի լավ արդյունք կարելի է ստանալ՝ քիչ գումարով: Սպասում եմ, որ քիչ թե շատ կայացած կլինիկաները մարզեր գնան, մշակույթ փոխեն, սպասում եմ էլեկտրոնային առողջապահության, նաև մյուս ծրագրերին ու ընդհանրապես ձեզնից հեղափոխություն եմ սպասում լավ իմաստով: Լիքը բան ունենք անելու և այս ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր