Թրամփը ոչ թե ռասիստ է, այլ հայրենասեր. Մարին Լե Պեն
Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունն ամբողջովին աջակցում է ԱՄՆ-ի տարածք Իրանի, Իրաքի, Սուդանի, Եմենի, Լիբիայի, Սոմալիի և Սիրիայի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին Դոնալդ Թրամփի որոշմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն, որ հարցազրույց է տվել իսրայելական 2-րդ հեռուստաալիքին։
«Բացառապես դեմ եմ այն պնդմանը, թե այդ որոշումը մուսուլմանների դեմ հարձակում է։ Դա սուտ է, քանի որ աշխարհում տասնյակ մուսուլմանական պետություններ կան, որոնք այդ ցուցակում չեն հայտնվել»,-ասել է Լե Պենը։
Վերջինս հավելել է, որ հայրենասիրությունը ռասիզմ չէ՝ նկատի ունենալով Թրամփին։ Ըստ Լե Պենի՝ հայրենիքի հանդեպ սերը, նրա մշակույթը և ինքնատիպությունը պահպանելու ցանկությունը, Ամերիկայում ամերիկացիների շահերի պաշտպանությունը նորմալ երևույթ է։
Նշվում է, որ հարցազրույցը ձայնագրվել է որոշ ժամանակ առաջ, սակայն եթերում է հայտնվել այն բանից հետո, երբ Լուվրի մոտ Եգիպտոսի մի քաղաքացի մաչետեով փորձեց սպանել պահակախմբի անդամներից մեկին։