211652_close_icon
views-count5576 դիտում article-date 14:21 09-01-2017

Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ ռեժիսորը, որի թողած ժառանգության մեջ ցայտուն արտահայտված է Կովկասի բազմազանությունը, ծնվել է Թբիլիսիում։ Փարաջանովը 1946 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և այլք: Նրա իր առաջին կինոնկարը` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացմամբ արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների` Փարաջանովին բերելով համաշխարհային հռչակ: Փարաջանովի գլուխգործոցը «Նռան գույնն» է (1968), որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: Խորհրդային կառավարությունը նրան 1973 թ. դեկտեմբերի 17-ին դատապարտում է 5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ (Ուկրաինական ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Միայն 4 տարի անց, ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ, նա ազատվում է բանտից։ 1980-ական թթ. Փարաջանովը նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը։ Կյանքի վերջին տարիներին նկարահանում է «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990 թ. հուլիսին Երևանում:

Նմանատիպ նյութեր