211652_close_icon
views-count1284 դիտում article-date 18:53 23-12-2016

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Մանգասարյանը «Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը» թեմայով զեկուցում ներկայացրեց: Նա նշեց, որ այս տարի Հայաստան տեղափոխված սիրիահայերի 150 ընտանիքի ավելի քան 7,5 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել, 800 հազար դոլար հատկացվել է Սիրիայում դպրոցների վերականգնման, սոցիալական աջակցությանը և այլ խնդիրների լուծմանը: Զեկուցողը հավելեց, որՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին: Իսկ 80 միլիոն դրամ հատկացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց հոգևոր կառույցներին, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ցուցաբերած օգնության և աջակցության համար: ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն զեկույցում անդրադարձավ կազմակերպության կատարած աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին: Նա նշեց, որ ՀԲԸՄ շտապ օգնության 1 միլիոնանոց հիմնադրամն այսօր արդեն հատել է 4 միլիոն դոլարի սահմանագիծը: Խոսելով սիրիահայ ուսանողների ուսումնավարձերի հատուցման մասին՝ զեկուցողը նշեց, որ հաջորդ տարի դրանք կավելանա 26 տոկոսով: Պատասխանելով «Արևելք» պարբերականի խմբագիր Սագօ Արեանի հարցին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը նշեց որ սիրիահայերին հատկացված 250 միլիոն դոլարի մեկ երրորդը ՀԲԸՄ-ն ուղղել է Հալեպում սոցիալական և վերականգնման աջակցության ծրագրերին: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց իրավիճակը Սիրիայում: Նա շեշտեց, որ թեև սիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Հալեպի ազատագրման մասին, բայց սա միայն սկիզբն է: Ընդհանուր միջազգային արձագանքները միանշանակ չեն, վերջին 3 օրվա ընթացքում ՄԱԿ-ը 2 բանաձև է ընդունել՝ Սիրիայում մարդու իրավունքների վիճակի և վայրագությունների հետազոտման վերաբերյալ: Հայաստանում սիրիահայերի ներգաղթի և ինտեգրման 2017-2020թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության հրավիրյալ մասնագետ Նարինե Կարինյանը: Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համակարգված, բարեխիղճ աշխատանքը, շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին և կազմակերպություններին համագործակցության համար: Նա շնորհավորեց բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը և հավելեց. «Թող Նարեկացու «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ» խոսքերը դառնան 2017 թվականի նշանաբանը: Մաղթում եմ, որ Նոր տարում մեր ժողովուրդը ունենա բարի խոսք և բոլոր ցանկությունները հաղթանակով և բարի գործերով ավարտվեն»:

Նմանատիպ նյութեր