4196 դիտում
17:19 19-12-2016
Ավարտվել է ճանաչված լեզվաբանի ամուսնու սպանության գործով նախաքննությունը. մեղադրանքներ են առաջադրվել 5, այդ թվում՝ պաշտոնատար անձանց
Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/12/87707/]Եղիշե Խաչատրյանի սպանության[/url] վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները:
Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Ե. Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:
Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խ. Կոսյանը, Ա. Չիչոյանը, Ա. Նիկողոսյանը, Ա. Զաքարյանը և Յ. Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ներգրավվել են որպես մեղադրյալներ: Մեղադրյալների նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը