1785 դիտում
18:36 02-12-2016
ԵՄ խորհուրդն ու Հայաստանը կբանակցեն օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ
Եվրոպական միության հանձնաժողովը և Հայաստանը մեկնարկում են Եվրոպական Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները:
Արևելյան գործընկերության անդամ երկրների նախագահների 2015 թվականի Ռիգայի գագաթաժողովը կարևոր հանգրվան դարձավ Եվրոպական միության ու Հայաստանի միջև ավիացիոն ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Մասնավորապես, Ռիգայի հռչակագիրը ամրագրեց Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու եզրույթը:
ԵՄ խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է մանդատ, որը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա բանակցություններ սկսել Հայաստանի հետ ԵՄ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունում և կարևորում է Եվրամիության մակարդակով նախատեսվող համակողմանի ավիացիոն այս համաձայնագրի կնքումը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի կնքումը թույլ կտա բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա:
Բանակցությունների մեկնարկին հաջորդելու են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են ավիացիոն անվտանգության կանոնակարգման միասնական դաշտի ստեղծմանը և եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու թռիչքային անվտանգության չափորոշիչների կիրառմանը: Համաձայնագիրը միտված է նաև խթանել զբոսաշրջությունը, ընդլայնել առևտուրը և գործարար կապերը, ներգրավել օտարերկրյա ներդրումները և ամրացնել կողմերի միջև տնտեսական հարաբերությունները:
ԵՄ - Հայաստան ավիացիոն համաձայնագիրը, որպես հորիզոնական համաձայնագիր, կփոխարինի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված առանձին համաձայնագրերին: Արդյունքում Եվրոպական միության ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
17:56 19-12-2017
Ղրղըզստանը և Եվրամիությունը կբանակցեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ
1586 դիտում
12:19 15-06-2014
Ուկրաինայի գազամատակարարման հարցի շուրջ կբանակցեն կեսօրին
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան