Ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող միջազգային ծրագրերի արդյունքները և նոր նախաձեռնությունները
                        ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները  և առաջիկա ծրագրերը:
Փոխնախարարը մասնավորապես շեշտադրել է կոոպերատիվների զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման, գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող  ծրագրերը:
 «Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ մեր բազմակողմ համագործակցությունն առաջնահերթ նպատակուղղված է առավել արդյունավետ, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից պահանջներին բավարարող, մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը: Իրականացվում են աշխատանքներ, որպեսզի միջազգային փորձը, գիտելիքը, նորարարական գաղափարները ներկայացված լինեն մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում»,- իր խոսքում նշել է Արմեն Հարությունյանը:
 Փոխնախարարի խոսքով` նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի կառույցների, ԱՄՆ ՄԶԳ-ի, Եվրամիության, Ավստրիայի, Շվեյցարիայի հետ:  Պարոն Հարությունյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ Եվրամիությունը  գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր զարգացման ծրագրեր իրականացնողն է. միայն 2015-2016թթ-ի ընթացքում հաստատվել են շուրջ 30 մլն եվրոյի աջակցության ծրագրեր:
        Անդրադառնալով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հարցին` նա նշել է, որ  կոոպերատիվների մասին օրենսդրության ընդունման արդյունքում այս տարի ստեղծվել են շուրջ 53 կոոպերատիվներ, որոնք օժանդակություն են ստացել Եվրամիության արևելյան համագործակցության «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման» ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունների կողմից իրականացվող կոոպերատիվների զարգացման ծրագրի բաղադրիչով:
«Կոոպերատիվների խթանման շրջանակում շեշտադրում է արվել ոչ ավանդական մշակաբույսերի և եվրոպական  պանրատեսակների արտադրության վրա` հաշվի առնելով իրացման խնդիրները:  Ընդամենը մի քանի օր առաջ մենք Գեղարդում բացեցինք խոտաբույսերի արտադրությամբ զբաղվող կոոպերատիվ, որի անդամները հիմնականում կանայք են, արտադրանքը սպառվում է հանրապետության խոշոր առևտրային ցանցերից մեկում:  Մյուս շաբաթվա ընթացքում նախատեսվում է Ծովագյուղ համայնքում հնդկացորենի վերամշակման արտադրամաս բացել: Վերջերս Գեղարքունիքի մարզում բացվել է եվրոպական պանիրների արտադրամաս»,- հավելել է Արմեն Հարությունյանը:
        Փոխնախարարն անդրադարձել է նաև «Օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության» ծրագրին, որը ֆինանսավորվում է Եվրամիության պատվիրակության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից` 3,3 մլն եվրո ընդհանուր բյուջեով:  Նա հայտնել է, որ 2016 թվականին Ծրագրի կողմից ընտրվել են 18 ձեռնարկություններ, որոնք ստացել են ֆինանսական օժանդակություն: Կազմակերպությունները բազմազան են, զբաղվում են գինու, մեղրի, չորամրգի, օրգանական ձիթապտղի յուղի արտադրությամբ: Այժմ ամփոփվում են երկրորդի փուլի մրցույթի արդյունքները, որի շրջանակում կազմակերպությունը ստացել է շուրջ 190 հայտադիմում:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

