211652_close_icon
views-count2014 դիտում article-date 19:00 24-11-2016

Ավարտական քննությունների նոր կարգն ընդլայնում է աշակերտների ընտրության ազատությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը», որը հաստատվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով: Ներկայացնելով ավարտական քննությունների կազմակերպման նոր աշխատակարգը, Նարինե Հովհաննսիյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում ավարտական և միասնական քննությունենրի անցկացմանը: Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը և/կամ հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Հունիսին՝ միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ): «12-րդ դասարանցուն հնարավորություն է տրված հիմնական ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերի վերջին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում նա կարող է ընտրել այն երեք հիմնական առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Նույնիսկ եթե սովորողը բուհ դիմելու մտադրություն չունի և միասնական քննություններ հանձնել չի կամենում, նա պետք է ընտրի առնվազն երեք առարկա՝ երկրորդ կիսամյակում խորացված ուսումնասիրելու համար»,- նշել է հանրակրթության վարչության պետը՝ հրավիրելով, որ նոր աշխատակարգը որևէ պարտադրանք չի ենթադրում: Աշակերտն ինքն է ընտրում, թե որ քննությունները հանձնել դեկտեմբերին,որոնք թողնել հունիսին: 12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով. • «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26 • «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28 • «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29 • «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում • «Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում • «Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Նարինե Հովհաննիսյանը նաև տեղակացրել է,որ երկրորդ կիսամյակում երեք առարկայի ընտրությունն ու խորացված պարապմունքները դպրոցներում որոշակի խնդիրներ են առաջացնում՝ դասացուցակների փոփոխությամբ պայմանավորված. «Այդ բոլոր հարցերի առնչությամբ դպրոցների տնօրենները և ուսուցիչները ստանում են պարզաբանում և կարծում եմ, որ կկարողանաք գործընթացը սահուն կազմակերպել»,- նշել է Ն. Հովհաննիսյանը: Վարչության պետի խոսքով՝ ավարտական քննությունների նոր աշխատակարգի անցկացումն ավելի դյուրին կլինի առանձնացված ավագ դպրոցներում, որտեղ ուսուցումը հոսքային դասարաններում է կատարվում: Նոր աշխատակարգի կիրառումը տեխնիկապես ավելի դժվար է գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներում, սակայն այստեղ ևս ճկուն մոտեցում ցուցաբերելու դեպքում խնդիրներ չեն առաջանա: Ն. Հովհաննիսյանի խոսքով՝ 12-րդ դասարանում դասացուցակի բեռնաթափման խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է աշակերտների և նրանց ծնողների կողմից. «Մենք անընդհատ լսում էինք դժգոհություններ, որ ենթադրենք աշակերտը գնալու է տնտեսագիտական ֆակուլտետ, ապա նրան օրինակ՝ «Պատմություն» առարկայից պետք է ազատել, որպեսզի կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Բողոքներ կային, որ երեխաները հոգնում են, ֆիզիկապես չեն հասցնում և՛ պարապել, և՛ դասերին հաճախել: Մենք այդ խնդրին տվել ենք լուծում: Երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիների շաբաթական ծանրաբեռնվածությունը լինելու է 31 դասաժամ, որից 10-ական ժամերը կհատկացվեն իրենց կողմից ընտրված առարկաներին, իսկ 1 ժամը՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային, որը պարտադիր է բոլորի համար: Փաստորեն դպրոցը երկրորդ կիսամյակում երեխային շաբաթական 10 ժամով որևէ կոնկրետ առարկա է ուսուցանում, որը նրան հնարավորություն կտա դպրոցի գիտելիքով հաղթահարել բուհի ընդունելության շեմը»,-նշել է Ն. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր կարգի նպատակը կրկնուսույցների դեմ ուղղված քայլ չէ: Երկրորդ կիսամյակում ևս աշակերտները պարտավոր են կանոնավոր դասի հաճախել: Առանձին դեպքերում, երբ աշակերտը դեկտեմբերին հանձնել է ավարտական քննություն, սակայն հետագայում մտափոխվել է և որոշել է նույն առարկայից հանձնել նաև միասնական քննություն, նա այդ իրավունքը կունենա: Ամեն դեպքում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացն ավարտվում է հունիսին՝ բոլոր քննությունները հանձնելուց հետո և ավարտական փաստաթղթերը՝ ատեստատները, ինչպես միշտ տրվելու են հունիսի վերջին: Հավլենք նաև, որ համաձայն նոր աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: 9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են. • «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե, • «Գրականություն» առարկայից` բանավոր, • «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր, • «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե, • «Բնագիտություն» առարկայից` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներց գրավոր՝ սովորողի ընտրությամբ. քննությանը տրվում է 120 րոպե, • «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայից` բանավոր` աշակերտի ընտրությամբ, • «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում), • «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, • «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար: • 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է • «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե • «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե • «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, • «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում:

Նմանատիպ նյութեր