62698 դիտում
10:52 21-11-2016
Սպանություն Վանաձորում. «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից սպանված 21-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել է սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև կռվին մասնակից անձինք, որոնց ցանկը նույնպես ոստիկաններն ու քննիչները ճշտել են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+