211652_close_icon
views-count3047 դիտում article-date 20:12 16-11-2016

Ներկայացվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ տարված բանակցությունների արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքներն ու այդ մասով Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը: Վահե Նիկոյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի կողմից ձևավորած աշխատանքային խումբն ավարտել է բանակցությունները երկու ընկերությունների կոնսորցիումի հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու խնդրի հետ կապված։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ներկայացրել է, որ ընկերությունը ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ այդ ակտիվների ձեռք բերման համար ստանձնած պարտավորություններով` փոխառու միջոցներով: «Երևանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Միաժամանակ հաշվի առնելով նաև ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

Նմանատիպ նյութեր