211652_close_icon
views-count2374 դիտում article-date 15:21 16-11-2016

Երևան–Լիոն համագործակցության շրջանակներում Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը

Երևան–Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով ս.թ. նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում Լիոն են մեկնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տրանսպորտի, բնապահպանության և արտաքին կապերի վարչության մասնագետները: Փորձի փոխանակմանը միտված հերթական այս ծրագրի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ու շնորհանդեսներ: Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի Մետրոպոլի ներդրումային գրավչության ռազմավարությունը, տրանսպորտային համակարգը և երթևեկության ցանցը, պատմական վայրերի կառավարման պլանը, համաշխարհային ժառանգության և կառավարման սխեման: Ներկայացվել է նաև Լիոնի մետրոպոլիտենի քաղաքաշինական քաղաքականությունը: Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր: Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Լիոնի տուրիզմի գրասենյակում, Գալլո-հռոմեական թանգարանում: Առանձին քննարկումներ են եղել շենքերի տանիքների և ուղղաձիգ կանաչապատման տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով պատվիրակությունը մասնակցել է Առաջին hամաշխարհային պատերազմի ավարտը խորհրդանշող տոնի առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և ընդունելությանը:

Նմանատիպ նյութեր