211652_close_icon
views-count7320 դիտում article-date 10:34 05-11-2016

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում ամենևին բարեփոխում չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի իշխանության տարբեր գործողությունների տեսքով, որոնցում ակնհայտորեն գերակշռում է նախընտրական սոցիալական էֆեկտ ստանալու տրամաբանությունը, ամենևին բարեփոխում չէ: Եվ այստեղ հարցը բոլորովին այն չէ` հավատում ենք մենք, կամ որևէ մեկը հավատում է այդ փոփոխությունների, նոր քայլերի անկեղծությանը, երկարաժամկետությանը, թե ոչ: Այստեղ խնդիրը հենց բուն իրողություններն են, որոնք չենք կարող բարեփոխում համարել: Գազի և էլեկտրաէներգիայի գների նվազեցումը հիանալի է, ողջունելի: Նույն կերպ ողջունելի է նաև արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի գումարները պետբյուջե ուղղելու որոշումը: Եվ նման որոշումները անկասկած ողջունելի են, այստեղ խնդիր չկա: Խնդիրը այն է, որ այս ամենը դեռևս բարեփոխում չէ, ամենևին բարեփոխում չէ: Այս ամենն ընդամենը ճգնաժամային կառավարում է, որ իրականացնում են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը իրավիճակի գահավիժումը կանգնեցնելու համար: Բարեփոխումը դա արագությունն է, պայմանական ասած` ոտքը գազի սեղմակին դնելը, առաջ շարժվելը, թափ հավաքելը, կամ ինչպես Կարեն Կարապետյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին էր դիմել` «աշխարհը շուռ տալը»: Բանն այն է, որ ներկայումս անգամ Հայաստանը շուռ տալու մասին խոսք չկա, իսկ բարեփոխումը լինելու է հենց Հայաստանը շուռ տալը: Եթե Հայաստանը շուռ չի գալիս, ապա խոսք չի կարող լինել բարեփոխման մասին: Իշխանությունն առայժմ շուռ է տալիս ֆինանսական հոսքերը, իր այսպես ասած՝ մասնավոր գրպանից դրանք տեղափոխելով պետական գրպան: Էլի բան է, ինչպես կասեր ժողովուրդը, բայց բարեփոխում չէ, որովհետև բարեփոխումը ենթադրելու է համակարգային վերանայումներ ոչ միայն օրինականության, իշխանության կառույցների գործողություններում, այլ նաև այն արժեքներում, այն մշակութային ազդակներում, որ իշխանությունն իր կառավարման փիլիսոփայությամբ հաղորդում է հասարակությանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի: Իսկ այդ առումով, Հայաստանի իշխանությունն առայժմ հաղորդում է գերազանցապես խորհրդային, եվրասիա-ռուսական քաղաքակրթական, մշակութային, մտածողության տարածությանը «հարիր» արժեքներ, մոտեցումներ, մտածողություն, աշխարհայացք: Բարեփոխումը չի կարող չենթադրել այդ ամենը, և քանի որ առայժմ այդ ամենը չկա, խոսքը կարող է լինել ընդամենը եղած մտածողության և մշակույթի համակարգում ոտքը արգելակին դնելու և գահավիժումը կամ անկառավարելի ընթացքը կանգնեցնելու փորձի մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր