211652_close_icon
views-count3133 դիտում article-date 20:08 31-10-2016

Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

2016 թվականին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է հոկտեմբերի 19-23-ը: Ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուրն էր Նիդերլանդները: Հայկական տաղավարը ձևավորված էր բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Առաջին», «Արի» գրական գործակալությունները, «Գրքի ինստիտուտը»: Ներկայացվել է վերջին 2-3 տարիների հրատարակությունները. Հայաստանի պատմությանը նվիրված` ալբոմային, թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ լույս տեսած գրքեր: Պատվիրակության անդամ հրատարակիչների արտադրանքը ներկայացված էր առանձին հատվածներով: Հայկական տաղավարում տեղի է ունեցել Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ռուսական տաղավարում անցկացվել է Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված գրական ծանոթություն, որի ժամանակ ծավալուն ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Հայաստանն ըստ Մանդելշտամի» պատկերագիրքը: Հայկական տաղավարին անակնկալ էին պատրաստել նաև ուկրաինացիները՝ նվիրելով Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ստեղծագործության ուկրաիներեն հրատարակությունը, իսկ լեհական պատվիրակությունը նվիրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի լեհերեն հրատարակությունը: Պետք է նշենք, որ Վ. Ոսկանյանի այս վեպը հրատարակվել է ավելի քան 25 լեզուներով: Նախարարության պատվիրակությունը լեհական տաղավարում հանդիպել է նաև Յանուշ Վիշնևսկու հետ, քննարկել 2017 թվականին` «Գրական տապան» միջազգային փառատոնին նրա մասնակցության հարցը: Գրական գործակալները, հրատարակիչները և նախարարության պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել արտերկրի գործընկերների հետ՝ գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման բանակցությունների վարման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր