211652_close_icon
views-count2253 դիտում article-date 16:35 29-10-2016

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի hայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այն միջոցառումների համար, որ Ամերիկայի hայկական համագումարն իրականացնում է դրսում՝ պաշտպանելով Հայաստանի և Արցախի խնդիրները: Նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև ծառատունկի ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Շատ հետաքրքիր ծրագիր է, և կարծում եմ, որ պետք է շարունակական լինի»: Նախարարն արժևորեց Ամերիկայի hայկական համագումարի ակտիվ լոբբիստական գործունեությունը: Քննարկվեցին հայության միջազգային դիրքերի ամրապնդման, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու կարևոր ոլորները, տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի զարգացման հեռանկարները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար և ներկայացրին ԱՄՆ-ում Համագումարի քարոզչական աշխատանքը՝ հանդիպումները Վարչակազմի, կոնգրեսականների, տեղական կառավարման մարմիների հետ, համագործակցությունը հայկական և ոչ-հայկական ԶԼՄ-ների հետ, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որոնցից վերջինը՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի (Հայաստան ծառատունկ ծրագիր) կոմից Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղական համայնքում բացված տնկարանն է: Քերոլին Մուգարը շեշտեց, որ «Հիմնադրամի գլխավոր նպատակը մարդկանց Հայրենիքում պահելը և սեփական հողի հանդեպ հոգածության ու կապվածության զգացողություն առաջացնելն է»: Էնթոնի Բարսամյանը վստահեցրեց՝ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ ընդգծելով, որ Վայոց Ձորի մարզն են ընտրել՝ գեղեցիկ բնությունը և արգասաբեր հողը հաշվի առնելով. «Եկել ենք միասին աշխատելու, որպեսզի բարելավենք բնակիչների կյանքն ու թեթևացնենք նրանց առօրյա հոգսերը»: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:

Նմանատիպ նյութեր