211652_close_icon
views-count1329 դիտում article-date 17:25 28-10-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ և ԵԱՏՄ օրակարգերում գտնվող մի շարք հարցեր: *** Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես, խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017 թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Միաժամանակ խորհուրդը որոշում է կայացրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ բանակցություններն ու քննարկումները բավական հետաքրքիր էին, և այս հարթակները հարմար են՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար: «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին և առարկայական, որովհետև Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր