1671 դիտում
23:03 27-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը
Հարգելի պետությունների ղեկավարներ,
Հարգելի Անդրեյ Վլադիմիրի, ընդունեք շնորհակալական խոսքերս հյուրընկալության և նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:
Նեղ կազմով մենք այսօր արդեն քննարկել ենք ինտեգրացիոն օրակարգի մի շարք առանցքային հարցեր: Լիագումար նիստի առնչությամբ կնշեմ, որ հայկական կողմը հանդես է գալիս մինչև նիստը համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունման օգտին: Դրա հետ մեկտեղ կցանկանայի թեզիսային կարգով անդրադառնալ դրանցից որոշներին:
Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:
Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ:
Հարգելի գործընկերներ,
Ի նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը:
Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար:
Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:
Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը:
Շնորհակալություն ուշադրության համար:
***
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին քննարկվել և հավանության է արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես խորհուրդը հավանության է տվել ԱՊՀ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հատկապես կարևորվել է կառույցի՝ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումն, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:
Մասնավորապես ընդգծվել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են դրսևորում ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերում համագործակցության շուրջ, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:
Միջկառավարական խորհրդի մասնակիցները շնորհավորել են Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարներին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու և խորհրդի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
5655 դիտում
16:23 23-10-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
2320 դիտում
11:52 01-02-2018
Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին