211652_close_icon
views-count2123 դիտում article-date 14:18 24-10-2016

Նոյեմբերի 12-ը համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կակաչների սոխուկների տնկման և այգիների մաքրման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել է համապատասխան քննարկում, որի շրջանակում առաջարկվել է այս տարվա աշնանային ծառատունկը կազմակերպել նոյեմբերի երկրորդ շաբաթ օրը: Հաշվի առնելով մասնագետների առաջարկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր սահմանել նոյեմբերի 12-ը՝ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: «Այս հարցում վերջին տարիների մեր հիմնական պահանջը մնում է նույնը. ծառատունկերը կազմակերպել բացառապես ոռոգելի տարածքներում: Ըստ այդմ, ծառատունկի համար նախ և առաջ նախապատրաստեք այն տարածքները, որտեղ անցկացրել ենք ոռոգման նոր ցանց: Գույքագրեք նաև ծառապատ այն հատվածները, որտեղ կա տարածքը նոր տնկիներով համալրելու անհրաժեշտություն: Բազմիցս եմ նշել, որ համաքաղաքային ծառատունկերը ձևական բնույթ չպետք է կրեն ու դրա համար, նախ և առաջ, նախապատվությունը պետք է տրվի բացառապես ոռոգելի տարածքներին, որպեսզի ապահովվի նոր տնկված ծառերի հետագա պատշաճ խնամքը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև այն հատվածները, որտեղ իրականացվել են չորացած ծառերի հատումներ: Բոլոր այդ բնաբաժակները ևս համալրեք նոր տնկիներով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կոմունալ տնտեսության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում, այգիներում և հանրային մյուս վայրերում շարունակել ներքին շաբաթօրյակների իրականացումը: Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և բնակչության ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով էլ հանձնարարվել է նախապես իրազեկմանը զուգահեռ, համապատասխան աշխատանքներ տանել տեղերում անհրաժեշտ տնկիների և տեխնիկական միջոցների առկայության ապահովման ուղղությամբ: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր