211652_close_icon
views-count944 դիտում article-date 17:21 06-10-2014

Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև տարեվերջ՝ նաև հաջորդ տարի սոցիալական ուղղվածության այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում թե´ ծրագրերի և թե´ քաղաքի տոնին մասնակցելու նպատակով Երևան այցելող պատվիրակությունների թվի առումով: Քաղաքի տոնի կապակցությամբ այս տարի տարբեր քաղաքներից շուրջ 40 պատվիրակությունների ենք սպասում: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են տոնակատարության շրջանակում, այդ թվում՝ «Երևան 2025» կոնֆերանսի անցկացումը, իրենց առանձնահատուկ կարևորությունն ունեն մեր քաղաքի համար, և այդ իսկ պատճառով նման ծրագրերը պետք է դարձնենք ավանդական», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շինարարության և բարեկագման վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ընթացիկ ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անձամբ լինել տեղերում և խստորեն հետևել կատարվող աշխատանքների որակին: «Շինբարեկարգման գծով իրականացվող բոլոր ծրագրերի նկատմամբ, լինի ճանապարհաշինություն, ընթացիկ ասֆալտապատում, թե կրթամշակութային օջախների նորոգում կամ հիմնանորոգում, եղեք խիստ ու հետևողական: Մեզանից յուրաքանչյուրի համար ուղղակի պատվի հարց է կատարվող աշխատանքների որակի ապահովումը, և որևէ մեկս իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն: Մինչև տարեվերջ շարունակվելու է շինարարական աշխատանքների կատարողականների ընդունման գործընթացը, և այս հարցում բոլոր պատասխանատուներից պահանջում եմ առավելագույն բծախնդրություն: Անձամբ այցելեք շահագործման հանձնվող բոլոր օբյեկտներ, տեղում մասնագետների մասնակցությամբ գնահատեք կատարված աշխատանքն ու եթե անգամ փոքր թերություն արձանագրեք, ապա աշխատանքը չընդունեք, մինչև թերությունը չվերացվի: Իսկ անորակ աշխատանք կատարած կազմակերպությունների նկատմամբ ընդհանրապես ձեռնարկեք օրենքով սահմանված ամենախիստ միջոցները՝ գործերն ուղարկելով համապատասխան մարմիններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ընթացող առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ամբողջությամբ ավարտվել է առողջապահական 3 հիմնարկների և 12 գրադարանների նորոգումը: Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում համապատասխան միջոցառումներ կազմակերպել: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման, ինչպես նաև խաղերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ արդեն տեղադրվել են 220 բակային և 41 մարզական խաղեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական ու մասնավոր կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին:

Նմանատիպ նյութեր