211652_close_icon

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

views-count2652 դիտում article-date 19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի գլխավորած պատվիրակությանը: Ֆիլիպ Բուայան շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը կարևորելով ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության գործում ընդգծել է հատկապես դատախազության դերը: ՀՀ գլխավոր դատախազը, ողջունել է Երևանում «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային համաժողովի» անցկացումն ու դրան մասնակցելու նպատակով ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարի այցը Հայաստան: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ դատախազությունը մշտական և գործուն ներգրավվածություն ունի ԵԽ տարբեր կառույցների կողմից ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց երաշխիքների ապահովմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին: Ընդգծելով ՀՀ դատախազության և ԵԽ-ի միջև համագործակցության կարևորությունն ու առկա բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով աշխատանքային ոլորտներն ու ապահովելով դրանց շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր