211652_close_icon
views-count7449 դիտում article-date 20:02 18-10-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով և շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում, Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» ենթակայանի, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման, ինչպես նաև «Գազ-Էլեկտրաէներգիայի դիմաց» ընթացիկ ծրագրերը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել նաև տարածաշրջանային Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համագործակցության ձևաչափը: Խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մասին՝ վարչապետը նշել է, որ հետաքրքրության դեպքում այդ ծրագրում կարող են ներգրավել նաև իրանական ընկերությունները: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանն ունեն առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ: Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելու փոխշահավետ ծրագրեր, նպաստելու տնտեսական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և համոզմունք հայտնել, որ այդ առումով լավ խթան կարող է դառնալ վերջերս Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսին հայաստանյան ավելի քան 100 ընկերությունների մասնակցությունը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր