Ներդրումային պարտավորությունները կգերազանցվեն շուրջ 5.8 մլրդ դրամով. Երևան Ջուր
Օրերս NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը հրապարակել է «2006-16թ.թ. ֆրանսիացիները Երեւանի ջրմուղում 589,4 մլն դրամ են ներդրել» վերտառությամբ տեղեկատվությունը, որի կապակցությամբ Երեւան Ջուր ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:
2016թ.-ին երկու փուլով արդեն իսկ պետությանն է հանձնվել 1,3 մլրդ դրամի կատարված շինարարական աշխատանքներ (այստեղ եւ հետագայում բոլոր թվերը տրվում են առանց ԱԱՀ-ի): Տեղեկատվության մեջ նշված 589,4 մլն դրամը երրորդ փուլով հանձնվող գույքի գումարն է, բայց ոչ ողջ տարվա, առավել եւս 2006-2016թթ.-ին ընկերության սեփական միջոցներից կատարված ներդրումների գումարը:
Երեւան Ջրի սեփական միջոցներից կատարվող ներդրումները անցած 10 տարիներին նախատեսված 8,9 մլրդ դրամի փոխարեն կազմել են ավելի քան 13,9 մլրդ դրամ: Եվս մոտ 0,8 մլրդ դրամ կկազմի 2016թ. հունիսից իրականացվող աշխատանքների ծավալը: Այսպիսով, ընկերության կողմից ներդրումային պարտավորությունները կգերազանցվեն շուրջ 5.8 մլրդ դրամով:
Չի համապատասխանում իրականությանը նաեւ «ընկերությունը վերանորոգման եւ վերազինման աշխատանքներն ավելի շատ իրականացրել է արտասահմանյան վարկերի եւ դրամաշնորհների միջոցով» հայտարարությունը: Այս տարիներին Երեւան Ջուրն օգտագործել է միայն մեկ՝ Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության $20 մլն-ի համատեղ վարկը, որը հատկացվել էր զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Դրամաշնորհներ ընդհանրապես չեն եղել: Ընկերության կառույցների պահպանման եւ վերանորոգման աշխատանքներին ուղղվել են միայն սեփական միջոցները: Այսինքն՝ տարբեր աղբյուրներից ստացվող գումարները օգտագործվել են տարբեր նպատակներով: Եվ դատելով ձեռքբերումներից՝ օգտագործվել են բավական արդյունավետ:
[b]Երեւան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
[/b]