211652_close_icon
views-count19427 դիտում article-date 15:39 14-10-2016

«Վինի Թուխ» կերպարի առաջացման պատմությունը․ հետաքրքիր փաստեր

Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։ Վիննիպեգ արջը՝ որպես Կանադական բանակի անասնաբուժական կորպուսի կենդանի թալիսման, Լոնդոն էր բերվել Կանադայից` Վիննիպեգ քաղաքից։ Փոքրիկ արջուկը «Ֆորտ Գարի Հորս» հեծյալ գնդում հայտնվել էր 1914 թվականի օգոստոսի 14-ին. կանադացի մի որսորդից արջի քոթոթին 20 դոլարով գնել էր գնդի 27-ամյա անասնաբույժ լեյտենանտ Հարրի Կոլբորնը, ով էլ հետագայում խնամում էր նրան։ Նույն տարվա հոկտեմբերին արջուկը գնդի հետ տեղափոխվեց Լոնդոն։ Քանի որ գունդը, մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին, ստիպված էր մեկնել Ֆրանսիա, որոշվեց արջուկին մինչև պատերազմի ավարտը թողնել Լոնդոնի կենդանաբանական այգում։ Լոնդոնցիները շատ սիրեցին արջուկին, կանադացիներն էլ համաձայնեցին պատերազմից հետո էլ նրան թողնել Լոնդոնում։ 1924 թ. Ալան Միլն իր 4 տարեկան որդուն առաջին անգամ տարավ կենդանաբանական այգի, որտեղ նա ընկերացավ Վիննի արջի հետ։ Դրանից երեք տարի առաջ նա որդու առաջին ծննդյան օրը նրան նվիրել էր «Ալֆա Ֆարնել» ֆիրմայի արտադրության փափուկ խաղալիք (արջուկ), որն էլ ստացավ Վիննի անունը։ Հետագայում խաղալիք Վիննին գրեթե անբաժան էր Քրիստոֆերից. «յուրաքանչյուր երեխա ունի սիրելի խաղալիք, դա հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր ընտանիքի միակ երեխան են»։ 1981 թվականի սեպտեմբերին 61-ամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրեց Վիննի արջի արձանը։ 1999 թվականին «Ֆորտ Գարի Հորս» գնդի հեծյալները նույն այգում տեղադրեցին լեյտենանտ Հարրի Կոլբորնի ու Վիննիի քանդակը, որի կրկնօրինակը հետագայում տեղադրեցին նաև Վիննիպեգի կենդանաբանական այգում։

Նմանատիպ նյութեր