ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում նշեցին մաթեմատիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանի 70-ամյակը
Էդուարդ Դանիելյանը հեղինակ է 180 գիտական հոդվածների և 10 մենագրության, որոնք նվիրված են հուսալիության տեսությանը, կանոնավոր փոփոխվող ֆունկցիաներին, մաթեմատիկական վիճակագրությանը, բաշխումների դասերում մոմենտային սահմանափակումների պայմաններում օպտիմալացմանը, կենսաինֆորմատիկայում մաթեմատիկական մեթոդներին:
Պրոֆեսորը 1982-1986 թթ. ղեկավարել է ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնը, իսկ 1986 թ.-ից եղել է Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչը:
Մեծանուն մաթեմատիկոսի մեծարման համար կազմակերպված ցերեկույթին այսօր ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ընկերները և ընտանիքի անդամները:
«Էդուարդ Դանիելյանը վախ չուներ գիտության նկատմամբ: Նա երբեք չի տարակուսել նոր բան բացահայտելու մտքից: Հետաքրքիր փաստ էր նաև այն, որ ինչքան էլ անտարբեր լիներ սեփական անձի նկատմամբ, շատ ուշադիր էր ընտանիքի նկատմամբ ու ամեն ինչ անում էր հարազատներին բարօրություն պարգևելու համար»,- մաթեմատիկոսի մասին հուշեր պատմելիս նշեց պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
«Միշտ եռանդուն, միշտ ուրախ ու միշտ ժպիտը դեմքին. այսպես եմ հիշում ես Էդուարդ Դանիելյանին: Եվ այսօր շատ դժվար է հավատալ, որ նա արդեն 5 տարի մեզ հետ չէ, իսկ այս հոբելյանը սրտի մեծ ցավով ենք այսօր նշում»,- իր խոսքում էլ ասաց ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը:
Պրոֆեսորի մասին իրենց հուշերը ներկայացրին նաև ընկերները, գործընկերները և ուսանողները: