211652_close_icon
views-count3173 դիտում article-date 21:00 10-04-2016

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը

Ապրիլի 7-ին մեկնարկած գիտաուսումնական սեմինարների շարքը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ: Սեմինարների ընթացքում պրոֆեսոր Առնակ Դալալյանը կներկայացնի մաթեմատիկական վիճակագրության և էկոնոմետրիայի առանցքային մոդելներից մեկը՝ գծային ռեգրեսիան, որն օգտագործելով տվյալները՝ նկարագրում է կապը հետաքրքրությունների առարկա փոփոխականի և մի շարք բացատրական փոփոխականի միջև: «Հպարտությամբ եմ նշում, որ Առնակ Դալալյանը մեր շրջանավարտն է: Ես շատ ուրախ եմ, որ պրոֆեսորն արդեն երկրորդ անգամ է մեր համալսարանում, և համոզված եմ, որ համագործակցության առիթներ դեռ շատ կլինեն»,- դասընթացի սկզբում ասաց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը: Առնակ Դալալյանն էլ նշեց, որ ԵՊՀ-ն անչափ հարազատ է իր համար, իսկ մթնոլորտն այստեղ տրամադրող է. «Երեկ դասախոսությամբ հանդես էի գալիս մեկ այլ բուհում, բայց այս նույն կապվածությունը չկար: Այստեղ զգացումներս լրիվ այլ են: Ես նույնպես վստահ եմ, որ մենք դեռ շատ կհանդիպենք»: Պրոֆեսորի դասախոսությունը նվազագույն քառակուսիների գնահատականի և դրանց վիճակագրական հատկությունների մասին էր. «Վիճակագրության գլխավոր խնդիրը տվյալների վերլուծությունն է: Եվ եթե ուշադիր լինենք, բոլոր տվյալներն այսօր թվայնացվում են, ինչի արդյունքում ահռելի չափով տեղեկատվություն է ստացվում: Վիճակագրության նպատակն է ամփոփել և ավելի հասկանալի ձևով ներկայացնել թվային այդ ամբողջ տվյալները»: Նշենք, որ սեմինարների շարքը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Հաջորդ դասախոսությունը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Նմանատիպ նյութեր