211652_close_icon
views-count2080 դիտում article-date 21:00 03-10-2016

Լեհաստանում ՀՀ դեսպանության և Օլավային քաղաքապետարանի հովանու ներքո Օլավա քաղաքում տեղի ունեցան «Հայկական օր» խորագրով մի շարք միջոցառումներ

Հոկտեմբերի 1-ին Լեհաստանի Օլավա քաղաքում Լեհաստանում ՀՀ դեսպանության և Օլավային քաղաքապետարանի հովանու ներքո տեղի ունեցան «Հայկական օր» խորագրով մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպել էին Օլավայի համայնքային գրադարանը և Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը: Օլավայի քաղաքապետարանի ճեմասրահում պաշտոնապես բացվեց «Հայերի մասնակցությունը Լեհաստանի պաշտպանությանը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակներում Լեհաստանի պաշտպանությանն իրենց մասնակցությունը բերած հայազգի նշանավոր գործիչները: Նույն օրը Օլավայի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքի նվիրված հանդիսավոր միջոցառում: Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Օլավայի քաղաքապետ Տոմաշ Գրիշմանը, Դոլնոշլոնսկի վոևոդի (մարզպետի) ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերով օգնական Յուստինա Մատկովսկան, Օլավայի համայնքային գրադարանի տնօրեն Յանինա Կորդիսը: Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծագույն հպարտություն է ծանոթանալ Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և այն նշանակալի դերակատարությանը, որը հայերն ունեցել են Լեհաստանի պատմության ընթացքում: Նա նաև նկատեց, որ նմանօրինակ միջոցառումները հրաշալի հնարավորություն են ընձեռնում լեհ բարեկամ ժողովրդին ներկայացնելու Հայաստանը, հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ու մշակույթը: Միջոցառման շրջանակներում «Լեհաստանում հայ համայնքի համառոտ պատմությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի դասախոս, դոցենտ Ռենատա Կրոլ-Մազուրը: Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մացեյ Բոհոսևիչը ներկայացրեց փաստավավերագրական նյութ` նվիրված Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական մորը` Յադիվգա Ձառուգևիչովային: Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչն իր հերթին անդրադարձավ Լեհաստանի հայ համայնքի պատմական ակունքների բացահայտմանն ուղղությամբ իրենց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Միջոցառման մշակութային հատվածում հայկական դուդուկի կատարումներով հանդես եկավ Լեհաստանում բնակվող հայազգի երաժիշտ Հովիկ Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր