211652_close_icon
views-count1125 դիտում article-date 13:18 03-10-2016

Հրաձգության մրցաշարով մեկնարկել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը

Հոկտեմբերի 2-ին հրաձգության մրցաշարով մեկնարկել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։ Երևանում՝ ԴՕՍԱՖ-ի հրաձգության հանրապետական ակումբում, հոկտեմբերի 2-ին անցկացվեցին հրաձգության թիմային-անհատական մրցումները: Դրանք հանրապետական ուսանողական խաղերի ծրագրով կազմակերպվում են 2014 թվականից: Ստուգատեսին մասնակցելու նախնական հայտ էին ներկայացրել 12 բուհեր, սակայն բուն մրցման օրը ներկայացան միայն 9 բուհերի պատվիրակներ, ինչը 3 մասնակցով ավելի է նախորդ մրցաշարի համեմատ: Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 3 մարզիկ՝ 2 հրաձիգ ու մեկ հրաձգուհի: Ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացմամբ՝ 5,6 մմ տրամաչափի «Մարգուլին» տեսակի ատրճանակի մրցումներին մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի, Հայկական բժշկական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) 18 հրաձիգ և 9 հրաձգուհի: Նշանառուները մրցում էին 3 փորձնական և 5 մրցակցային կրակահերթերում: Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց Տելեմակ Թադևոսյան, Հայկ Հունանյան և Էմմա Միքայելյան կազմով ելույթ ունեցած՝ ԵՊՀ ընտրանին: 2-րդ տեղը գրավեց Էդմոն Ռամազյան, Հրաչիկ Օհանյան, Քնարիկ Բաբայան կազմով հանդես եկած՝ ՀԱԱՀ թիմը, իսկ մրցանակային 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ավետիս Ղազարյան, Վարդան Վարդանյան և Մոնիկա Գևորգյան կազմով ելույթ ունեցած՝ ԵՊԲՀ հավաքականը: Աղջիկների անհատական մրցումներում՝ 50 հնարավորից վաստակած 33 միավորով խաղերի չեմպիոնուհու կոչման արժանացավ ԵՊԲՀ ուսանողուհի Մոնիկա Գևորգյանը: Արծաթե մեդալը բաժին հասավ ԵՊՀ-ի նշանառու Էմմա Միքայելյանին, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակեց ՀԱԱՀ-ի հրաձգուհի Քնարիկ Բաբայանը: Տղաների մրցապայքարում 40 միավորով խաղերի չեմպիոն հռչակվեց ԵՊՀ-ն ներկայացնող նշանառու Հայկ Հունանյանը: Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակ Սուրեն Բերյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ մանկավարժական համալսարանի ուսանող-հրաձիգ Հովհաննես Գուսիկյանն էլ նվաճեց բրոնզե մեդալը: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր հրաձգության հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթներով: Պարգևները հանձնեցին Հովհաննես Գաբրիելյանը, Գագիկ Զոհրաբյանը և հանրապետական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը: Հովհաննես Գաբրիելյանն ընդգծեց, որ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան հատկապես մեծ կարևորություն է տալիս ուսանողների շրջանում հրաձգություն մարզաձևի տարածմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը պատերազմող երկիր է։ Մասնավորապես, մարզաձևի մասսայականացմանն է ուղղված նաև սեպտեմբերի 20-ին ՀՊՏՀ հրաձգարանում անցկացված՝ Համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված օդամղիչ հրացաններով հրաձգության մրցաշարը: Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր