211652_close_icon
views-count4314 դիտում article-date 17:48 01-10-2016

«Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով: «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 250 մասնակցի 20 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից, Լեհաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսինը» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ» դրամատիկական թատրոնի «Կարամազով եղբայրները» (Սանկտ Պետերբուրգ), Բեռլինի Մ. Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյան): Երևանյան թատրոններից` «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» և այլ թատրոններ: Այս տարի «Հայֆեստը» հանդես կգա տարբեր ծրագրերով. ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով: Փառատոնի ընթացքում կանցկացվի նաև լեհական ծրագիր, որը կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը: Ծրագիրը նախատեսում է նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: Հիմնական ներկայացումների մուտքը՝ հրավիրատոմսերով և անցագրերով:

Նմանատիպ նյութեր