4794 դիտում
16:35 23-09-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում
Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ:
Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը զրույցն սկսել է Չինաստանում ընդունված թեւավոր խոսքով` «Առաջին հանդիպմանը մարդիկ ծանոթանում են, երկրորդին` ընկերանում» եւ շարունակել՝ «Մենք տիկին Նաղդալյանի հետ վաղուց արդեն լավ ընկերներ ենք, եւ մեր ընկերական հարաբերությունները կարող են եւ պետք է օգտակար լինեն մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց երկու կազմակերպությունների միջեւ 2014 թվականին կնքված համագործակցության ձեռքբերումները, ամփոփվել երկու տարվա ընթացքում հանրապետական եւ տարածաշրջանային մակարդակով կատարված աշխատանքների արդյունքները, նաեւ ուրվագծվել հետագա համագործակցության ուղիները` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու գաղափարախոսության շրջանակում: Երկուստեք կարեւորվել են համագործակցության զարգացման գլխավոր ուղղությունները, այդ թվում` կանանց սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների, կանանց ձեռնարկատիրության, գենդերային շարժման, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության, զբոսաշրջության, ՀՀԿ կանանց խորհրդի եւ Կանանց համաչինական ֆեդերացիայի մարզային կառույցների փոխադարձ շփումների ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալները, Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսի միջազգային վարչության աշխատակիցները:
Հանդիպումից հետո զրույցը շարունակվել է նաեւ Կանանց համաչինական ֆեդերացիայի փոխնախագահ Ցույ Յույի` ի պատիվ հայկական պատվիրակությանը տրված աշխատանքային ճաշի ընթացքում, որտեղ չինացի գործընկերները ներկայացրել են կանանց աջակցության՝ իրենց կողմից մշակված եւ իրագործվող ծրագրերը: Ինչպես ՀՀԿ կանանց խորհուրդը, այնպես էլ Կանանց համաչինական ֆեդերացիան իրականացնում է կանանց տնտեսական վիճակի բարելավմանը, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր: Այդ ոլորտներում Կանանց համաչինական ֆեդերացիան բավական մեծ փորձ ու ծավալներ ունի` հաշվի առնելով, որ հիմնադրվել եւ գործում է դեռեւս 1949 թվականից: Չինացի գործընկերներն իրենց հարուստ փորձով կիսվել են հայկական պատվիրակության անդամների հետ:
Սեպտեմբերի 22-ին ՉԺՀ խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նաեւ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն է, հանդիպել է չինական կողմից բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ այսօր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել: Բարեկամական խմբի ղեկավար Վան Իֆուն ընդգծել է, որ այդ հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական ու տնտեսական երկխոսության ինտենսիվությամբ, այլեւ դրանց որակով եւ խորությամբ:
Նա հիշեցրել է անցյալ տարվա ընթացքում ՀՀ կատարած այցը, բարձր մակարդակի ընդունելությունը, այցի ընթացքում կայացած ակտիվ աշխատանքային քննարկումները եւ ընդգծել դրանք զարգացնելու անհրաժեշտությունը: Տիկին Նաղդալյանը, անդրադառնալով վերջին մեկ-երկու տարիների երկկողմ հարաբերությունների զարգացումներին, նշել է, որ հատկապես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ կատարած այցի եւ մի շարք կարեւոր ծրագրային փաստաթղթերի ստորագրումից հետո առավել կարեւորություն են ձեռք բերել այդ համաձայնագրերի իրագործմանն ուղղված աշխատանքները, իսկ ՉԺՀ Նախագահ Սի Ձինպինի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնության իրագործումը պահանջում է խորքային աշխատանքներ բոլոր մակարդակներում, այդ թվում` օրենսդրական ապահովման ճանապարհով, իսկ դա ուղղակիորեն պատգամավորների, բարեկամական խմբերի անդամների պարտքն է:
«Քաղաքական գործչի, պատգամավորի պարտականութունն է մշտապես ձեռքը զարկերակին պահել, տեսնել եւ կանխատեսել զարգացումները եւ իրավիճակներն ու աշխատել լուծումներ գտնել», -նշել է տիկին Նաղդալյանը` փաստելով, որ այսօր արդեն տնտեսական կապերի առաջխաղացում է նկատվում, եւ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2016-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է ավելի քան 44 տոկոսով, ինչն, իսկապես, հուսադրող է, բայց բավարար լինել չի կարող: Նրա խոսքով՝ հսկայական տնտեսական նշանակություն ունեցող Չինաստան-Եվրասիա էքսպո- ցուցահանդեսին հայկական ընկերություններ չէին մասնակցում եւ հայկական տաղավար չկար:
Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված փոխադարձ ջանքերը, որոնք արդեն իրենց արդյունքներն են տալիս՝ առավել խորացնելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ այցելությունների շուրջ:
Պարոն Վան Իֆուն շնորհակալություն է հայտնել տիկին Նաղդալյանին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ ակտիվ համագործակցության համար:
Հերմինե Նաղդալյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հավաստիացրել է, որ նման շփումների ինտենսիվությունը կնպաստի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության էլ ավելի սերտացմանը:
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
20:10 26-05-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
2548 դիտում
18:07 23-04-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում
Այս բաժնից
673 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն
796 դիտում
20:25 24-11-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները