ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ներկայությունը մեծ ներդրում է հայ-չինական հարաբերությունների խորացման գործում. Լի Լույվեյ
ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, Չինաստանում ՀՀ նախկին դեսպաններ, գործարարներ, ուսանողներ եւ հայ համայնքի անդամներ:
Հյուրերի գնահատականով՝ Չինաստանում Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը բացառիկ էր ներկայացուցչական կազմով ու հյուրերի թվով: Դեսպան Սերգեյ Մանասարյանն ակտիվ աշխատում է ոչ միայն մայրաքաղաքի պաշտոնական շրջանակների, այլեւ՝ նահանգների ու համայնքի հետ:
Դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը մասնակցում էր նաեւ այս օրերին Պեկինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը: Թե՛ պատվիրակությունը, թե՛ ընդունելության հյուրերի մի մասը մասնակցել էին մի քանի օր առաջ Ուրումչիում անցկացված «Չինաստան-Եվրասիա» էքսպո-ցուցահանդեսին եւ «Կանանց աշխատանքի տեղավորման եւ ձեռներեցության հնարավորությունները եւ մարտահրավերները» կանանց առաջին համաժողովին:
Միջոցառման մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը էքսպո-ցուցահանդեսին եւերախտագիտություն են հայտնել հայկական պատվիրակությանը՝ իրենց համար կարեւորագույն իրադարձությանը մասնակցելու համար:
ՉԺՀ ԱԳ փոխնախարար Լի Լույվեյին, ով նաեւ Ուրումչիի համաժողովին ու ցուցահանդեսին է ներկա եղել, Հայաստանի պատվիրակության աշխատանքին անդրադառնալով՝ նշել է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ներկայությունն Ուրումչիում մեծ ներդրում է երկկողմ հարաբերությունների խորացման գործում եւ հետայսու նրան համարում են Չինաստանի բարեկամը Հայաստանում:
Նշենք, որ այսօր նախատեսված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հանդիպումները ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահի եւ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ