Բարելավվում են անասնապահության զարգացման հնարավորությունները
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ծրագրերի հիմնական նպատակն է խթանել արոտավայրերի բարելավմանը ու անասնապահության զարգացմանը հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան ու այլ գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին:
Արդյունքում 14 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 43 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը և այլն: