«Անկախության սերունդ» խորագրով համերգին մասնակցում էին միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Խորհրդանշական է, որ համերգին մասնակցում էին միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում:
Նախագծի շրջանակում, ՀՀ մարզերի, մայրաքաղաքի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 700 հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ հանդես եկան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում հնչեցին հատուկ Անկախության օրվա կապակցությամբ գրված ստեղծագործություններ:
Նախագծին նախորդել է կազմակերպչական և մասնագիտական երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրականացմանը ներգրավված էին մայրաքաղաքի և ՀՀ մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքավորողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մասնագիտական վարժանքներ են անցկացվել երիտասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կատարողական հմտությունները:
Ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասիրումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձրացումը, իսկ համերգից հետո՝ առաջիկա տարիներին տաղանդավոր երաժիշտ-կատարողների ներգրավումը տարբեր հանրապետական և միջազգային ծրագրերում և ստուգատեսներում: