Լավրովը պարզաբանել է, թե ինչու ռուսական օդուժը չէր կարող հարվածել ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյանը. տեսանյութ
Սիրիայի ռազմաօդային ուժերը չէին կարող հարձակվել հումանիտար ավտոշարասյան վրա, քանի որ հնարավորություն չունեն մութ ժամանակ թռչել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն ուսումնասիրել է դեպքի տեղանքի տեսագրությունը և չի գտել ավտոշարասյան վրա գնդակոծման որևէ հետք։ Տեսագրության մեջ երևում են միայն հրդեհի հետքերը, որոնք համընկել են Հալեպի վրա «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների հարձակման ժամանակի հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի հումանիտար օգնության ավտոշարասյունը ենթարկվել է հնդակոծման Հալեպի մոտակայքում՝ Ուրում ալ-Կուբրա շրջանում, ինչի հետևանքով զոհվել էր Կարմիր մահիկի 1 աշխատակից և վիրավորվել 20-ից ավելի խաղաղ բնակիչ։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ մեղավորը Ռուսաստանի ռազմատիեզերական կամ Սիրիայի կառավարական ուժերն են, և ամեն դեպքում գտնում է, որ պատասխանատվությունը դրա համար պետք է կրի Մոսկվան, սակայն Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ յուրաքանչյուր հարձակումից առաջ մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է տեղանքը և թիրախը։