211652_close_icon
views-count2295 դիտում article-date 18:41 20-09-2016

Ավարտվեց Թումո ամառային ճամբարի 4-րդ տարին

Արդեն չորորդ տարին է, ինչ ամբողջ աշխարհից Հայաստանում հավաքված պատանիներ մասնակցում են Թումո ամառային ճամբարին: Այս տարի ճամբարին մասնակցեց 178 պատանի Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ընդհանուր առմամաբ 20 երկրից` ներառյալ Հայաստանը: Ճամբարի մասնակից 12-18 տարեկան մասնակիցները Երևանում անցկացրին մեկից մինչև վեց շաբաթ ու մասնակցեցին Թումոյի կրթական ծրագրին` ստանալով հմտություններ ֆիլմարտադրության, անիմացիայի, կայքերի մշակման, խաղերի ստեղծման ու բազմաթիվ այլ բնագավառներում: Ճամբարականները նաև պտտվեցին Հայաստանի տարբեր անկյուններով, թանգարաններ այցելեցին ու մասնակցեցին ընկերական սպորտային մրցումների: Այս տարի ճամբարի ամբողջ վեց շաբաթներին մասնակցած երեք պատանիները ամեն շաբաթ ձեռք բերեցին ավելի ու ավելի խորը հմտություններ ու փորձ ընտրված ոլորտներում: Հայաստանի տարբեր շրջաններից եկած ուսանողների համար ճամբարը հիանալի հնարավորություն էր օգտվել Թումոյի կրթական համակարգից: Սակայն իրենց ձեռքբերածը չսահմանափակվեց այդ մեկ կամ մի քանի շաբաթներով: Ալավերդիից 15 տարեկան Սոնա Շահվերդյանը ճամբարի ընթացքում կենտրոնացավ լուսանկարչության և 3D մոդելավորման վրա, բայց իր ստացածը միայն դա չէր. «Թումոն ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է շարունակել սովորել: Դա մշտական ընթացք է, ու դու երբեք չես ունենա բավարար գիտելիքներ, ուղղակի պիտի պատրաստ լինես ավելին սովորել»: Սոնան ու Հայաստանի ու Արցախի շրջանների մնացած ճամբարականները մասնակցեցին Թումոյի կրթական ծրագրին մի շարք անձանց ու կազմակերպությունների շնորհիվ: Դրանցից էին Իրեն Գյուլնազարյանի անվան կրթական հիմնադրամը, HSBC բանկը, Ինգո Արմենիան, IDeA հիմնադրամը և այլ հովանավորներ: Այս նվիրատվությունների արդյունքում ճամբարին մասնակցեց 43 պատանի: Հովանավորված պատանիները ոչ միայն Հայաստանից էին: Սփյուռքի մի շարք անձիք ու կազմակերպությունները դրամահավաքներ կազմակերպեցին, որոնց արդյունքում Հայաստան և Թումո եկան նաև ուսանողներ Եգիպտոսից, Ստամբուլից և Կալկաթայից: Բոստոնցի 16 տարեկան Արամ Ֆեստեկջյանը ճամբարին մասնակցեց երեք շաբաթ ու կենտրոնացավ նկարչության և ռոբոտաշինության վրա: «Թումոյում անցկացրած երեք շաբաթները իսկապես լայնացրին իմ պատկերացումները: Առաջ ինձ թվում էր, որ նկարելը միայն թուղթ ու մատիտով է լինում: Նկարչական պլանշետին ծանոթանալուց հետո իմ պատկերացումները մասին փոխվեցին»: Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր