Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին. տեսանյութ
Սեպտեմբերի 14-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի արտգործնախարության նոր շենքի տեխնիկական հագեցման նպատակով տրամադրված կարևոր օժանդակության համար: Այս կապակցությամբ ԱԳՆ-ում կազմակերպված արարողության ընթացքում նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ին տրամադրած օժանդակությունը երկու երկրների միջև ջերմ, բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է, և դեսպանին փոխանցեց Չինաստանի արտգործնախարար Վան Իին ուղղված շնորհակալական նամակը:
Դեսպան Ըրլունն իր հերթին ընդգծեց, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկու պետությունների միջև սերտ բարեկամական փոխգործակցությունը, քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-չինական օրակարգի բազմաթիվ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Չինաստանի դեսպանի անձնական շարունակական ջանքերը՝ հայ-չինական համագործակցության խորացման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Թիեն Ըրլունն անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը: