5090 դիտում
11:26 31-08-2016
Դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը. Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի տոնի կապակցությամբ, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորև.
«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր,
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր.
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ:
Սիրելի՛ դպրոցականներ.
Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ եւ ազատ ապրելու ձեր իրավունքը ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը:
Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ երեխաներ:
Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի եւ աշխատասիրություն: Թող նրանք խորը եւ հիմնավոր յուրացնելով տարբեր գիտություններ՝ հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը:
Բարի գալուստ եւ հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը:
Մեր հայրենիքի անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ երիտասարդ, պատանի սերունդը` անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, մարդկային ու հայրենասեր, որ կարողանա ավելի ճշգրիտ իմաստավորել անցյալը, տեր կանգնել ներկային եւ ավելի իմաստուն կերպով նախագծել գալիքը: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ՝ ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը: Ինչպես Նժդեհն է ասում՝ թրի եւ գրչի դաշինքը մեր ազգին հաղթանակների է առաջնորդում: Դեռ 1989-ից բազում ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ եւ նույնիսկ՝ աշակերտներ ոչ միայն գրչով ու խոսքով, ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ անմիջականորեն զենքը ձեռքին կռվել են պատերազմական առաջնագծում: Եվ եթե գրիչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրիչին, գրքին, գիտելիքին, քանզի 21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում է, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի, դեպի ուր է գնում: Այս պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ լուրջ անելիք ունենք նաեւ երկրապահ կամավորականներս: Մեր պարտականությունն է, գործընկեր կառույցների հետ միասնաբար, պատվով, մակարդակով կազմակերպել պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը: Երկրապահը պատասխանատու է վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի համար: Մենք պարտավոր ենք ակտիվորեն մասնակցել վաղվա Հայաստանի լիարժեք քաղաքացիների թրծման գործընթացին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին, աշակերտներին, ուսանողներին եւ նրանց ծնողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին