211652_close_icon
views-count2490 դիտում article-date 16:56 16-08-2016

«Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը». խաղարկության տնօրեն

Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Օգոստոսի 16-ին հրավիրված ասուլիսին խաղարկության տնօրեն Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը. «Ամբողջությամբ պատրաստ ենք առաջնությանը: Մեր թիմի հետ մրցելու են դանիական «Գենտոֆտեն», շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս» և Կիպրոսի «Ապոել» թիմերը: Կազմկոմիտեի անունից բոլոր մրցող թիմերին մաղթում ենք հաջողություններ և գոլառատ հանդիպումներ»: ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել ՀՊՏՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը. «Նման մեծ միջոցառման իրականացման համար բուհի կողմից ստեղծվել է նաև տեղական կազմկոմիտե, որի անդամներն են ուսանողական խորհրդի երիտասարդ կադրերը: Մեր ֆուտզալի թիմն ունի երկու տարվա պատմություն և ՀՀ կրկնակի չեմպիոն է, ունի նաև ուսանողական թիմի ստատուս և ՀՀ ուսանողական առաջնության հաղթող ենք: Երրորդ անգամ մասնակցել ենք Եվրոպական համալսարանական խաղերին: Այս ամենը հաշվի առնելով`մենք դիմեցինք ՀՖՖ, որ հնարավոր լինի ՈՒԵՖԱ-ին խնդրել, որը ՀՀ-ում անցկացվի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը»: ՀՊՏՀ Ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ կարևորեց հատկապես «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը. «Կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ուսումնասիրել «Ապոելին», որը փորձառու թիմ է, ավելի նախընտրելի է իրենց ներուժը: Դանիական թիմից քիչ տեղեկություններ ունենք. խաղում են հիմնականում ֆիզիկական տվյալների հաշվին, Շվեյցարիայի թիմը զիջում է հիմնական թիմերին: Մեր թիմն էլ երկու տարվա միջազգային փորձ ունի, և ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ հանդես գանք»: Հարցին`չորս օրում երեք խաղ` արդյոք չի՞ խանգարի այս ծանրաբեռնվածությունը, մարզիչը պատասխանեց. «Ունենք որակյալ բուժկազմ, որն ամեն ինչ անում է թիմի վերականգնվելու գործընթացի հաջող ընթանալու համար: Մի քանի օր առաջ էլ յոթ օրում վեց խաղ ենք խաղացել. նորմալ արդյունք ենք տվել»: ՀՊՏՀ-ի թիմը հանդիպումներ կունենա օգոստոսի 17-ին ժամը 19.00-ին «Գենտոֆտե»-ի, օգոստոսի 18-ին` ժամը 19.00-ին «Ֆուտզալ Մանիակս»-ի և օգոստոսի 20-ին` ժամը 19.00-ին «Ապոել»-ի հետ: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր