211652_close_icon
views-count1627 դիտում article-date 23:03 11-07-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներն ավարտվել են և միացված են ցանցին: Զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ վերագործարկվել են Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող և Հրազդանի կիրճի՝ Սբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքների ոռոգման ցանցերը: Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում է վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, այս տարի նաև աշխարհազորայինների ընտանիքների 7-13 տարեկան երեխաների հանգստի կազմակերպումը մարզաառողջարանային ճամբարներում: Ըստ այդմ, ծրագրի առաջին հերթափոխի շրջանակում 365 երեխա արդեն իսկ հանգստացել և վերադարձել է տուն, երկրորդ հերթափոխով էլ հուլիսի 9-ից 425 երեխա արդեն մեկնել է հանգստի: Նաև զեկուցվել է, որ աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար այցեր են կազմակերպվում ճամբարներ, ուսումնասիրվում են երեխաների հանգստի պայմաններն ու մատակարարվող սննդի որակը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը, վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարել է պարբերաբար այցելել հանգստացող երեխաներին՝ տեղում ծանոթանալու նրանց առօրյային:

Նմանատիպ նյութեր