Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Իոաննիս Տայիսին Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովում Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը:
Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանմանը ու ընդլայնմանը: Այս համատեքստում նշվել է, որ առեւտրատնտեսական կապերի ոլորտում կա դեռեւս չօգտագործված մեծ ներուժ:
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, շնորհակալություն է հայտնելով ընդունելության համար, ուրախությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիներին Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա եւ հույս է հայտնել, որ հարաբերությունների կայուն զարգացումը հետայսու եւս կլինի շարունակական:
Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում երկկողմ կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերություների բարձր մակարդակը, խորհրդարանական բարեկամական խմբերի շփումներն ու փոխայցերը: