211652_close_icon
views-count1169 դիտում article-date 17:44 30-09-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության եւ քաղաքական երկխոսության առավել խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելությունները ակտիվացնելու անհրաժեշտություն կա եւ ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով արդեն իսկ ձեւավորված ավանդույթը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլեւ բազմակողմ եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթ-ում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է եւ մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների` Լեռնային Ղարաբաղի եւ կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի եւ Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում, ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում եւ համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արեւելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ եւ հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների եւ նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը եւ Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արեւելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին? Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, եւ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին` Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի` համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը: Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց` պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, եւ այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում: Կարոլոս Պապուլիասը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը եւ նշել, որ շատ անելիք կա առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով` իր այցը նունպես կնպաստի Հունաստանի եւ Հայաստանի բարեկամության եւ համագործակցության սերտացմանը:

Նմանատիպ նյութեր