211652_close_icon
views-count1610 դիտում article-date 21:12 04-07-2016

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 58 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած Երևան համայնքում գործող պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների կատարման պահանջները: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական իրավախախտման 6 դեպք: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Հանձնարարվել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանվել է հսկողություն մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ։ Նախորդ շաբաթ մայրաքաղաքի շուրջ 200 խանութներում և հանրային սննդի կետերում իրականացված ստուգայցերի շրջանակում ստուգվել է մասնավորապես կաթնամթերքի ժամկետայնությունը և հայտնաբերվել է ընդամենը 2 խախտում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 5 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը: Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 67 դեպքի մասով:

Նմանատիպ նյութեր