211652_close_icon
views-count1743 դիտում article-date 21:45 21-06-2016

«ՀՀ սփյուռքի նախարարությունը հայոց դուռն ու դարպասն է դեպի Հայրենիք»

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին, նրա տիկնոջը՝ Զոյա Գասպարյանին, Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանին և Վանքուվերի հայ համայնքի ներկայացուցիչ Էդի Պետրոսյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակությամբ խոսեց նրանց հայրենանվեր գործունեության մասին՝ մասնավորապես շեշտելով Ռուբիկ Գալստանյանի անձնական ջանքերը Հայոց բանակի զորացման գործում: «Մեր բանակին առնչվող հարցերը Գալստանյանի մտահոգությունների կենտրոնում են, և նա իր ժամանակի մեծ մասը հատկացնում է Հայոց բանակի հզորացման հետ կապված խնդիրներին: Նա հիրավի մեր բանակի ներկայացուցիչն է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում». – ասաց նախարարը, ապա ավելացրեց, որ կարևորելով Ռ. Գալստանյանի գործունեությունը՝ նա պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով: Հանձնելով պարգևը՝ նախարարը մաղթեց, որ իրականություն դառնան նրա երազանքները՝ կապված Հայոց բանակի և մեր հայրենիքի հետ: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Ռուբիկ Գալստանյանը դրվատանքի խոսքեր հղեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ այն համարելով հայոց դուռն ու դարպասը՝ դեպի հայրենիք: Նա տեղեկացրեց նաև, որ հայրենանվեր աշխատանքներից զերծ չէ նաև իր տիկինը՝ Զոյա Գասպարյանը, որի անունով օրերս Երևանում իրենց ուսանած դպրոցում՝ (Րաֆֆու անվան թիվ 19 դպրոց) դասարան է անվանակոչվելու և տիկին Զոյան պարտավորվել է հոգ տանել դասարանին առնչվող բոլոր խնդիրների վերաբերյալ: Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց այդ նշանակալի առիթով և հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կարող են օրինակ ծառայել սփյուռքահայության համար:

Նմանատիպ նյութեր