2251 դիտում
17:43 09-12-2015
Ստորագրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման պայմանագիրը. տեսանյութ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ստորագրվեց աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր: Չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը:
Ընկերությունը աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:
Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016թվականի մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:
Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:
Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից: Եվ որ ամենակարևորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:
«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, և ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարևոր և ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը և հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք և հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Չինաստանի դեսպան Թիան Էրլուն նշեց, որ չինական ընկերության մուտքը մեր երկիր և համագործակցությունը տեղական ընկերությունների հետ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև երկու պետությունների միչև եղած բարեկամական կապերի վրա. «Չինական կազմակերպության համար մեծ հնարավորություն է մտնել հայկական շուկա և համարգործակցել տեղի կազմակերպությունների հետ: Սա ոչ միայն չինական ընկերության հաղթանակն է, այլև երկու երկրների դեսպանատների միջև համագործակցության արդյունքն է: Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագրում չինական ընկերության գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման վրա»,- ասաց նա:
Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի շուրջ 80 երկրներում իրականացվող ավելի քան 500 ծրագրերում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաև մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում և հարևան Վրաստանում:
«Այս տարածարջանում ճանապարհների կառուցման փորձ մենք արդեն ունենք: Մասնավորապես՝ Վրաստանում մեր աշխատանքը շատ հաջող և լավ է ընթացել: Հույս ունենք, որ նույն ձևով կաշխատենք նաև Հայաստանում: Կկիրառվեն նույն տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները: Այստեղ կհամագործակցենք նաև հայ մասնագետների հետ, ինչը, կարծում եմ, արդյունավետ ու փոխշահավետ կլինի։ Ճանապարհի որակն ու ժամկետները կպահպանվեն ըստ պայմանագրի»,- նշեց դեսպանը:
Կնքված պայմանագրի հատուկ դրույթներով աշխատանքների պատվիրատուի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ: Պայմանագրով առավել բարձրացվել է տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատվությունը: Հստակեցվել է նաև ճանապարհի կառուցման որակը ստուգելու համար հիմնական, կարևոր փորձարկումների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրանք նախատեսվում են ոչ միայն աշխատանքի ավարտման փուլում, այլև աշխատանքների ընթացքում:
Պայմանագրի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեռանկարում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իսկ երկիրը, որպես տարանցիկ գոտի, գրավիչ կդառնան բեռնափոխադրողների համար:
«Մենք այսօր ունենալու ենք հարավից -հյուսիս մի ճանապարհ, որը 50 տոկոսով կրճատում է ժամանակը: Արագության առումով մի քանի անգամ որակը բարձրանում է։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բացի դրանից չինական այս կազմակերպության առաջարկը շատ լավն էր և գնի առումով և բոլոր առումներով։ Մենք նաև հետաքրքրվել ենք. աշխարհում այս կազմակերպությունը բարձր որակով աշխատանքներ է իրագործել և ես համոզված եմ, որ Հայաստանում իրենք այս աշխատանքները կիրագործեն մեր հսկողության տակ, բարձր որակով»:
Հիշեցնենք, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 5 կազմակերպություններ՝ երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովի կողմից գնահատվել է կազմակերպությունների որակավորումը և տեխնիկական առաջարկները: Երկրորդ փուլում՝ բացվել են գնային առաջարկները։
Եկող տարի՝ 2016 թվականին, շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Առաջիկայում կհրապարակվի հաղթողի անունը: Այս տարվա ավարտին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուները պատրաստվում են ևս մեկ կարևոր միջոցառման. լիարժեք շահագործման է հանձնվելու ճանապարհաշինական հսկայի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
12:40 01-09-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներին
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը