Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը. հետահայաց ցուցադրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին: Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. հուլիսի 10-ը:
Բենիկ Պետրոսյանի (1939-1996 թթ.)՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետի ֆենոմենը դեռևս պետք է բացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Նկարիչ-քանդակագործը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին` 57 տարեկանում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն:
Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն: