211652_close_icon
views-count992 դիտում article-date 15:28 10-06-2016

Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 11-ին

Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: 2015 թվականին Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 63, իսկ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում` 51 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր