211652_close_icon
views-count1126 դիտում article-date 13:59 05-06-2014

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

Սույն թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր